Apple-ը հերքել է մատչելի iPhone արտադրելու մասին լուրը

Apple ընկերությունը հերքել է մատչելի iPhone արտադրելու մասին ինտերնետում տարածված լուրերը: Այս մասին Shanghai Evening Post օրաթերթին հայտնել է ընկերության մարքետինգի փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը, գրում է The Next Web-ը:

Շիլերը խոստովանել է, որ Չինաստանում մատչելի սմարթֆոնները բավական տարածված են: Նա ընդգծել է, որ Apple-ը նման սմարթֆոններ թողարկելու նպատակ չունի:

«Մենք չենք ցանկանում նմանվել բոլոր այն ընկերություններին, որոնք արտադրում են միանգամից մի քանի արտադրանք և այդ կերպ ցանկանում են գրավել սպառողների ուշադրությունը»,- ասել է Շիլլերը և հավելել, որ Apple-ի բոլոր արտադրանքները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով և բարձրորակ բաղադրիչներով:

Այն մասին, որ Apple-ը պատրաստվում է թողարկել մատչելի սմարթֆոն, հունվարի 9-ին գրեցին The Wall Street Journal-ը և Bloomberg-ը՝ հղելով իրենց աղբյուրներին: