Apple-ն իր կայքում կգովազդի Samsung-ին

Բրիտանական դատարանի որոշմամբ, Apple ընկերությունը պարտավոր է տեղական ԶԼՄ-ներին ուղարկել հաղորդագրություն այն մասին, թե հարավկորեական մրցակից Samsung-ը չի կրկնօրինակել iPad պլանշետի դիզայնը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Apple-ը ստիպված է լինելու նաև վերոհիշյալ հաղորդագրությունը տեղադրել իր բրիտանական կայքի գլխավոր էջում և չջնջել այն կես տարվա ընթացքում: Բացի դրանից, Apple-ը ստիպված է լինելու այդ հաղորդագրության հրապարակման համար վճարել բոլոր ԶԼՄ-ներին՝ The Financial Times-ին, Guardian Mobile-ին և այլոց՝ Samsung-ի համբավը վերականգնելու համար:

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Apple -ին չի հաջողվել Մեծ Բրիտանիայում հաղթանակ տանել Samsung-ի դեմ դատական գործընթացներում:
«Այս կերպ, Apple-ը ստիպված է լինում գովազդել Samsung-ին: Ոչ մի ընկերություն չէր ցանկանա իր կայքում գովազդել մրցակցին»,-ասել է Apple-ի փաստաբան Ռիչարդ Հեյկոն:

Դատավորը թույլատրել է ընկերությանը բողոքարկել  դատարանի որոշումը: Բրիտանական դատարնի որոշումը դարձավ Samsung-ի՝ երբևէ ձեռք բերած ամենամեծ հաղթանակը Apple-ի նկատմամբ:

Հիշենք, որ երկու ընկերությունները շարժական սարքերի շուկայում առաջատար են: Իրար դեմ դատական հայցերով հանդես են եկել մի շարք երկրներում: