Beeline-ը և Մայքրոսոֆթ Հայաստանը թողարկել են կրթական հայալեզու հավելված

Beeline–ը Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հայտարարեց հայալեզու վիդեո դասընթացների, ինչպես նաև բջջային հեռախոսների համար նախատեսված կրթական անվճար հավելվածի հասանելության մասին «Windows Store»–ում։

Բջջային հեռախոսների համար նախատեսված կրթական անվճար հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի դիտել վիդեո դասընթացներ, հասանելի է Windows Phone համակարգով աշխատող հեռախոսների համար։

mic

«Համապատասխան դասը կարելի է գտնել ֆիլտրելով ինչպես ըստ առարկայի, այնպես էլ ըստ դասարանի։ Օրինակ Հայոց լեզու->7-րդ դասարան->Գոյականի թիվը։ Ծրագիրը թույլ է տալիս նաև բեռնել համապատասխան դասի ձայնագրությունը հեռախոսի մեջ, այնուհետև ինտերնետի բացակայության պայմաններում այն դիտելու նպատակով։ Նման համակարգի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Այն թույլ է տալիս երեխաներին սովորել բաց թողածը կամ կրկնել օրվա դասը դպրոցի ճանապարհին։ Համակարգը օգտակար է նաև մեծահասակներին, ովքեր ցանկանում են թարմացնել իրենց դպրոցական գիտելիքները։ Ձայնագրված դասերը շարունակաբար ավելանում են պորտալում», – նշեց Հայաստանում Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

 Նշենք, որ Հայալեզու վիդեո դասընթացները պատրաստվել և ձայնագրվել են տարբեր դասարանների առարկաներով և թեմաներով դպրոցական պաշտոնական ուսումնական պլանի համաձայն։ Դասավանդման նորարար և մատչելի մեթոդների կիրառմամբ դասերը պատրաստվել են Հայաստանի լավագույն ուսուցիչների օգնությամբ՝  հիմնված լրացուցիչ տեղեկատվական նյութերի և Մայքրոսոֆթի կրթական գործիքների վրա։  Վիդեո դասընթացները տեղադրված են www.mlg.am կայքում։ 

Հասանելիություն www.mlg.am կայքին հնարավոր է թե´ ինտերնետի, թե´ բջջային հեռախոսների միջոցով, որոնց վրա կտեղադրվի համապատասխան հավելվածը։