Canon-ը ներկայացրել է նոր EOS M ֆոտոխցիկը

Ճապոնական Canon ընկերությունը ընթացիկ տարվա աշնանը կթողարկի ոչ հայելային (mirrorless camera) ֆոտոխցիկ, որն անվանել է EOS M: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական հաղորդագրությունում:

EOS M-ը լինելու է կոմպակտ և թեթև ֆոտոխցիկ՝ ապահովող բարձր որակի պատկեր՝ համեմատելի հայելային ֆոտոխցիկների հետ: Mirrorless ֆոտոխցիկներ արտադրում են Sony-ն, Panasonic-ը, Samsung-ը, Olympus-ը, վերջերս նաև Nikon-ը՝ Canon-ի հիմնական մրցակիցը պրոֆեսիոնալ ֆոտոտեխնիկայի ոլորտում:

EOS M-ը հագեցած է 18մպ մատրիցայով: Այն վաճառքի դուրս կգա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տարբեր երկրներում: Ֆոտոխցիկի արժեքը կկազմի 800 դոլար՝ սովորական օբյեկտիվի հետ: EOS M-ն օգտագործում է փոփոխվող օբյեկտիվների նոր ստանդարտ՝ Canon EF-M-ը: Ֆոտոխցիկի հետ զուգահեռ Canon-ը կարտադրի նաև EF-M շարքի երկու օբյեկտիվ՝ 22 մմ f/2 և 18-55 մմ f/3,5-5,6:

EOS M-ում բացակայելու է ներկառուցված բլիցը (flash), սակայն շնորհիվ բարձր զգայունության՝ մինչև 12800 ISO, այն կարողանում է նկարել անգամ շատ թույլ լուսավորության ժամանակ: Ըստ Canon-ի, EOS M ֆոտոխցիկը նախևառաջ կհետաքրքրի սիրողական լուսանկարիչներին: