Chrome-ը կրկին բրաուզերների համաշխարհային շուկայի առաջատարն է

StatCounter վիճակագրական ծառայության տվյալներով, Chrome բրաուզերը կրկին առաջատարի դիրքում է և այս անգամ այն զբաղեցնում է աշխարհի բրաուզերների շուկայի մեկ երրորդը (2012թ. հուլիսի տվյալներով՝ 33.8%): 2011թ. նույն ժամանակահատվածում Chrome-ի դիրքը շուկայում կազմում էր 22.1%:

Կրկին StatCounter-ի տվյալներով, Internet Explorer բրաուզերի դիրքերը մնում են ամուր՝ զբաղեցնելով շուկայի 32%-ը, մինչդեռ Firefox բրաուզերը գնալով կորցնում է դիրքերը՝ գրավելով 23.7%-ը: Առաջատարների եռյակին հաջորդում է Apple-ի Safari բրաուզերը 7.1%-ով:

Աշխարհագրական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Chrome-ն ամենից շատ տարածված է Եվրոպայում, նաև Հարավային Ամերիկայում և Ասիայում: Իսկ Internet Explorer-ը շարունակում է մնալ առաջատար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում:

Հիշենք, որ Google Chrome բրաուզերը թողարկվել է ընդամենը 4 տարի առաջ: