Dasaran.am-ը կգործարկի նոր գործիք

Վաղը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը Երևանի դպրոցների տնօրեններին կներկայացնեն «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են կրթական ծրագրի մամլո ծառայությունից:

Վերոնշյալ էլեկտրոնային գործիքի միջոցով տնօրենը կարող է տեսնել դպրոցի անձնակազմի և աշակերտների թվայնացված ցուցակը, ուսուցիչներին կցված դասարաններն ու աշակերտներին, դասավանդվող առարկաները, դասաժամերը, դասացուցակները, ցանկացած աշակերտի՝ ցանկացած առարկայից ստացած բոլոր գնահատականները, բացակայությունները, տվյալ պահի դրությամբ գնահատականների միջինը և կիսամյակային գնահատականը, ինչպես նաև ընթացքում փոփոխվող գնահատականները:

Գործիքի ստեղծման նպատակներից մեկն է թափանցիկ դարձնել դպրոցների գործունեությունը, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` կապված տարեվերջին գնահատականների և կիսամյակայինների փոփոխման հետ:

Գործիքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին կամ պատասխանատուին էլեկտրոնային հաղորդակցման միջոցով անմիջական կապի մեջ լինել աշակերտների ու ծնողների, «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի և ԿԳ նախարարության պատասխանատուների հետ: Համակարգը թույլ է տալիս ցանկացած ծնողի կամ աշակերտի իր անհատական էջում տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների և այլ միջոցառումների մասին: Եվ այս ամենը արվում է ընդամենը մեկ հաղորդագրության միջոցով` բոլորին անհատապես տեղեկացնելու փոխարեն:

Հիշենք, որ Dasaran.am-ն ընդգրկում է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 502-ը` ունենալով ավելի քան 450.264 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 տնօրեններ և 20.256 ուսուցիչներ: 2013-ին կրթական ծրագիրը շարունակելու է միացնել իր ցանցին ՀՀ մարզերի գյուղական համայնքների դպրոցները, ինչպես նաև աշխատանքներ է ծավալելու ԼՂՀ դպրոցները ներգրավելու ուղղությամբ: Նշենք նաև, որ 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 ռեկորդային այցելություն և 42.271.801 էջադիտում: