Facebook-ն իր աշխատակիցներին հորդորում է օգտագործել Android սմարթֆոններ

Facebook սոցցանցն առաջարկում է իր աշխատակիցներին փոխարինել iPhone-նները Android սմարթֆոններով: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը՝ հղելով իր սեփական աղբյուրներին: Տեխնոբլոգը գրում է, որ Facebook-ի գլխամասային գրասենյակի պատերին փակցված են iOS-ից Android-ի անցնելու կոչ անող պաստառներ: Դրանցից մեկում պատկերված է սմարթֆոնների շուկայի զարգացումը՝ հիմնված IDC հետազոտական ընկերության տվյալների վրա: Այն ցույց է տալիս, որ 2016-ին Android-ը շարունակելու է լինել շուկայի առաջատար:

Facebook-ն այլ ՏՏ ընկերությունների պես, իր աշխատակիցներին անվճար բջջային սարքեր է տրամադրում: Ինչպես պատմել է սոցցանցի աշխատակիցներից մեկը TechCrunch-ին, Facebook-ն աշխատակիցներին ի սկզբանե նվիրում էր հիմնականում iPhone սմարթֆոններ, սակայն այժմ ընկերությունը ցանկանում է շեշտը դնել Android-ների վրա: Աշխատակիցը ընգծել է նաև, որ iOS-ից Android-ի անցնելը պարտադիր պահանջ չէ:

Այս նախաձեռնությունը Facebook-ի կողմից հնարավոր է ցույց է տալիս սոցցանցի նպատակը՝ բարելավելու սեփական Android ծրագիրը, որը, դանդաղագործության պատճառով, հաճախակի բացասական կարծիքների է արժանանում:

Նախկինում նույն բողոքները հնչում էին նաև Facebook-ի iOS ծրագրի մասին: Սակայն 2012թ. օգոստոսին սոցցանցը հատուկ թարմացում թողարկեց, ինչը լիովին արագագործություն և նոր ֆունկցիաներ հաղորդեց ծրագրին: Հիշենք, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցցանցն է՝ ավելի քան 1 միլիարդ օգտագործողով: