Facebook-ն օգտագործողների շրջանում անցկացրել է հոգեբանական փորձարկում

Facebook սոցցանցի գիտնականների խումբը փորձարկումներ անցկացնելու շատ հարմար հարթակ ունի իր տրամադրության տակ: Վերջերս այս խումբն անցկացրել է հետազոտություն՝ փորձելով ապացուցել, որ սոցցանցի լրահոսում նորությունների ընթերցումն ազդում է մարդկանց էմոցիոնալ վիճակի վրա. տխուր նորություններ կարդալը վատ է անդրադառնում տրամադրության վրա, իսկ ուրախալի նորությունները՝ բարձրացնում այն:

Այս պնդումն ապցուցելու համար մասնագետներն ընտրել են պատահական 600 000 օգտագործողների և կիսել նրանց երկու խմբի՝ ուղարկված հաղորդագրությունների միջոցով նախապես համոզվելով, որ այս օգտագործողները գտնվում են գրեթե նույն հոգեվիճակում: Այնուհետև մասնագետները մեկ շաբաթ շարունակ ղեկավարել են այս օգտագործողների լրահոսը՝ մի խմբի համար թաքցնելով լավ, մյուսի համար՝ վատ նորությունները: Այնուհետև հատուկ ծրագիրը վերլուծել է հաղորդագրությունների միջոցով օգտագործողների հոգեվիճակը:

facebook

Պարզվել է, որ տխուր նորություններ կարդացողներն ավելի քիչ են օգտագործել իրենց տեքստերում դրական հույզեր արտահայտող բառեր, իսկ ուրախ նորություններ կարդացողների մոտ նկատվել է նման բառերի օգտագործման աճ:

Ընդհանուր առմամբ վերլուծվել է 3 մլն հաղորդագրություն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Աղբյուրը` pnas.org