Facebook սմարթֆոնը լույս կտեսնի 2013թ-ին

Facebook սոցցանցը և HTC ընկերությունը կներկայացնեն համատեղ Facebook սմարթֆոնը 2013թ-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Bloomberg-ի տվյալներով, Facebook-ն ունի երկու առաջնային նախագիծ՝ կապված բջջային սարքերի հետ: Դրանք են՝ սեփական սմարթֆոնի թողարկումը և iPhone ծրագրի վերամշակումը: Երկրորդ նախագծի համար սոցցանցը վարձել է Apple-ի նախկին աշխատակիցներին: Հայտնի է նաև, որ Facebook-ում աշխատում են Palm ՕՀ-ի նախկին նախագծողներ:

Սոցցանցը չի հաստատում բջջային սարք արտադրելու մասին լուրը: Այն հարցին, թե ի՞նչ պլաններ կան բջջային ոլորտում, Facebook-ի ներկայացուցիչները նշել են. «Մենք կարծում ենք, որ ցանկացած բջջային սարքի համար սոցցանցերին ինտեգրացիան միայն օգուտ է»:

Հիշենք, որ Facebook-ն աշխարհում ամենախոշոր սոցցանցն է՝ ավելի քան 900 մլն. օգտագործողով, որոնցից ավելի քան կեսը այցելում է սոցցանց բջջային հեռախոսից: Facebook-ն ունի բջջային տարբերակներ բոլոր բջջային օպերացիոն համակարգերի համար: