Google-ը կներկայացնի 10 դյույմանոց Nexus պլանշետ

Google ընկերությունը հոկտեմբերի 29-ին կայանալիք իր մամլո միջոցառման ժամանակ ներկայացնելու է 10 դյույմանոց Nexus պլանշետ՝ աշխատող Android 4.2 օպերացիոն համակարգով: Այս մասին գրում է The Next Web-ը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին:

Հիշենք, որ անցյալ շաբաթ ընկերությունը լրատվամիջոցներին ուղարկել էր հրավերներ՝ մասնակցելու հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում կայանալիք մամլո միջոցառմանը: Ընկերությունը չի պարզաբանել միջոցառման թեման՝ նշելով միայն, որ այն կապ ունի Android ՕՀ-ի հետ:

TNW-ի տվյալներով, նոր պլանշետն ունենալու է 2560×1600 պիքսել կետայնության էկրան: Հնարավոր է, որ պլանշետն ինտերնետ-հսկայի համար արտադրած լինի Samsung ընկերությունը:  Մամուլում ենթադրում են, որ ընկերությունը կներկայացնի նաև 7 դյույմանոց Nexus պլանշետ: