Orange-ը կգնի և կվերամշակի օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմները

Orange-ն այսօր հայտարարեց նոր նախաձեռնության մասին: Orange-ը հոկտեմբերի 1-ից կսկսի հետ գնել և վերամշակել օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմները:

Այս նախաձեռնության շրջանակներում Orange-ի այն բաժանորդները, ովքեր նախկինում ձեռք են բերել Ինտերնետ Հիմա մոդեմ, սակայն այժմ այն չեն օգտագործում, կարող են իրենց մոդեմը բերել Orange-ի խանութ և ստանալ 3000 դրամ կանխիկ գումար: Այս մոդեմները խնամքով կթարմացվեն, որից հետո կրկին շահագործման կհանձնվեն: Այսպիսով, Orange-ի բաժանորդները ոչ միայն կստանան որոշակի գումար իրենց համար արդեն ոչ պիտանի սարքի համար, այլ նաև կմասնակցեն այդ սարքերի վերամշակմանը՝ դրանով իսկ աջակցելով բնության պահպանմանը: Հոկտեմբերի 1-ից օգտագործված մոդեմներ կընդունեն Orange-ի մի քանի խանութներ, իսկ հետագայում դրանց թիվը կմեծանա:

«Սարքերի վերամշակումը շատ կարևոր ուղղություն է բնության պահպանման ու ռեսուրսների ճիշտ օգտագործման համար: Կարևոր է գիտակցել, որ սարքավորումը պարզապես մի կողմ նետելով՝ մենք անուղղակի կերպով վնաս ենք հասցնում բնությանը: Սա շատ ընդունված մոտեցում է տարբեր արևմտյան երկրներում և ուրախ ենք, որ մենք ենք այն առաջին անգամ իրագործում Հայաստանում», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նախագիծը, որը փորձնական է, հնարավորություն կտա Orange-ի բաժանորդներին իրենց չօգտագործվող, սակայն սարքին վիճակում գտնվող մոդեմները վերադարձնել մինչև 2013թ. վերջը: