Twitter-ը թողարկել է ծրագիր Nokia Series 40 հեռախոսների համար

Twitter միկրոբլոգը թողարկել է իր բջջային ծրագիրը Nokia ընկերության Series 40 հեռախոսների շարքի համար: Այս մասին Nokia-ն հայտնում է իր պաշտոնական բլոգում: Ծրագիրն իր ֆունկցիաների առատությամբ նման է Twitter-ի Android և iOS տարբերակներին և հասանելի է անվճար Nokia-ի ծրագրերի ինտերնետ-խանութում՝ Ovi Store-ում:

Twitter-ի նախագծողների խոսքով, ծրագրի նախագծումը նպատակ ունի տարածել միկրոբլոգն օգտագործողների ավելի լայն շրջանակում և չսահմանափակվել սմարթֆոն օգտագործողներով:

Հիշենք, որ առաջին Series 40 հեռախոսը  Nokia 7110 մոդելն էր, որը նախագծվել է 1999թ-ին: 2012թ. հունվար ամսվա տվյալներով, Nokia-ն վաճառել է ավելի քան 1,5միլիարդ Series 40 շարքի հեռախոս: Իսկ Twitter -ն ունի աշխարհում ավելի քան 200մլն. օգտագործող: Միկրոբլոգում օրական կատարում են ավելի քան 400մլն. գրառում: