Twitter-ի փոխնախագահը կայցելի Հայաստան

unnamed

Թումոյի խորհրդի անդամ և Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլի 12-ին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթյա իր այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կվարի հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են Թումոյի մամլո ծառայությունից:

Րաֆֆի Գրիգորյան և իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները և ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝ WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, նաև դասավանդել նյու յորքի համալսարանի ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

Ապրիլի 14-17-ը Րաֆֆին Թումոյում կվարի ծրագրավորման առաջադեմ դասընթաց՝ համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետներին ծանոթացնելով Թվիթերի API-ին, ինչպես նաև՝ միջին մակարդակի դասընթաց գրագետ կոդավորման մեթոդների մասին: Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ www.tumo.org/coding:

Իսկ ապրիլի 18-ին Րաֆֆին կանցկացնի դասախոսություն՝ «այն, ինչ կարևոր է» խորագրով, ծրագրային մշակման կառավարման թեմայի շուրջ՝ ներկայացնելով Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը: