Հայտնի են Հայաստանի լավագույն ստարթափ ընկերությունները

Հայաստանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը դեկտեմբերի 26-ին հայտարարեցին Հայաստանում նորաստեղծ ընկերությունների մրցույթի (ATS award) հաղթողների անունները:

Մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ամփոփեց նորաստեղծ ընկերությունների գործունեությունը 2012թ.` հրապարակելով Հայաստանում տեխնոլոգիական լավագույն նորաստեղծ բիզնեսների անուններն ըստ երեք անվանակարգերի`

1. «Clean H2O» թիմն արժանացավ «Լավագույն B2B (բիզնեսը՝ բիզնեսին) լուծում» մրցանակին,
2. «ZyabS» թիմն արժանացավ «Լավագույն B2C (բիզնեսը՝ հաճախորդին) լուծում» մրցանակին, և
3. «Ankashar.am» թիմն արժանացավ «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին

Մրցույթը սկսվել էր դեկտեմբերի 17-ին, որից հետո ընդունվել էին 20 դիմում-հայտեր և նոմինացիաներ: Մասնակիցները ներկայացրել էին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին դեկտեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում: «ATS 2012»-ը Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն էր` պարգևատրելու նորաստեղծ ՏՏ համայնքի լավագույններին: Այն նպատակ ուներ խթանել նորաստեղծ ընկերությունների շարժումը Հայաստանում՝ համախմբելով տարվա ընթացքում տարբեր մրցույթների և միջոցառումների մասնակցած թիմերին, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ հնարավորություն ստեղծելով հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործընկերների և ներդրողների հետ:

Նախաձեռնությանն աջակցել էին «Երևան Էքսպո» կենտրոնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Էմ-Լաբ» (mLAB) և «Դիիմ Քոմյունիքեյշնս» (Deem Communications) ընկերությունները:

ԱՄՆ ՄԶԳ/«Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությունը նախաձեռնությանը մրցույթի առաջին տարում ուղղված էր մարքետինգի և գիտելիքների փոխանակման ամրապնդմանը, որը ներառում էր ժյուրիի կազմի անդամակցություն ի դեմս «Ի-Դի-Էմ-Սի»-ի ենթակապալառու Ձեռներեցության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED), միջազգային լավագույն փորձի ներկայացում «Ի-Դի-Էմ-Սի»-ի խորհրդատու Ռիկ Ռասմուսենի կողմից, ինչպես նաև կապերի ընդլայնում և կազմակերպչական աջակցություն: