Հունվարին բջջային հավելվածների շրջանում նոր առաջատար է հայտնվել

Չինական TikTok սոցիալական ցանցը, որը կարճ տեսանյութեր, հաղորդագրություններ փոխանակելու հնարավորություն է ընձեռում, օգտատերերի շրջանում շարունակում է հեղինակություն վայելել: 2020 թվականի հունվարին ծառայությունը WhatsApp-ին գերազանցել է App Store-ում եւ Google Play-ում ներբեռնումների ընդհանուր թվով: Այս մասին հայտնում է Gizchina-ն ։

Tik Tok-ի ներբեռնումների թիվն աճել է 46% – ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 103 մլն: Ամենամեծ հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ ցուցաբերում են Հնդկաստանի, Բրազիլիայի և ԱՄՆ-ի օգտատերերը: Ամբողջ ընթացքում TikTok-ը ներբեռնվել է ավելի քան 1,82 մլրդ անգամ:

Այնուամենայնիվ, առայժմ TikTok-ին ժամանակ է պետք, որպեսզի վերջնականապես գերազանցի WhatsApp-ին, որն աշխարհում ամենամեծ լսարանն ունի՝ 2մլրդ. օգտատեր: Սակայն բոլորովին չի բացառվում, որ 2020 թվականի վերջին ամենահանրաճանաչ հավելվածների վարկանիշը փոփոխության ենթարկվի: