Մասկը պարտվեց․ Tesla-ն փակում է իր գործարանները

Չնայած Իլոն Մասկի ջանքերին ու համաշխարհային պանդեմիային նրա հեգնական վերաբերմունքին, Tesla-ն, այնուամենայնիվ որոշեց մարտի 23-ից դադարեցնել կալիֆորնիական Ֆերմոնտում գտնվող գործարանի աշխատանքը։ Business Insider-ը հայտնում է, որ ընկերությունը ստիպված է եղել ենթարկվել տեղի իշխանությունների պահանջին, որոնք պահանջել էին դադարեցնել ցանկացած արտադրություն, որոնք առաջնային անհրաժեշտության չեն։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք մի շարք հանդիպումներ ունեցանք տեղի իշխանությունների հետ։ Մենք հետևում էինք ու շարունակում ենք հետևել բոլոր իրավական ցուցումներին, որոնք վերաբերում են մեր հաստատություններում անվտանգության միջոցներ ձեռք առնելուն, և բարձր ենք գնահատում այն որոշումը, որ մեզ թույլ տվեցին շարունակել մեր աշխատանքը։ Բայց, չնայած որ մենք կիրառում էինք առողջապահական բոլոր հայտնի մեթոդները, որպեսզի չվտանգենք մեր առողջությունը, մի քանի տեղերում արտադրությունը մի շարք խնդիրներ է առաջացնում մեր աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար»,- ասվում է Tesla-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ վերջին օրերին Ցան-Ֆրանցիսկոյի շրջակայքում իշխանությունները հայտարարել էին «shelter in place» կարգավիճակ (թարգմ․՝ մնա տանը), ինչը նշանակվում է, որ չեղարկվում են բոլոր այն միջոցառումները, որոնք չեն բխում մարդկանց առաջնային կարիքներից։

Սրանից բացի Tesla-ի նյույորքյան գործարանը ժամանակավորապես կկրճատի իր ծավալները։

Ավելի վաղ Հյուսիսային Ամերիկայում փակվեցին General Motors, Ford. Fiat Chrysler Automobiles, Honda, Nissan, Toyota, Volkswagen և Hyundai գործարանները։ Mercedes և BMW գործարանները դեռ շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։

Tesla-ի արտադրամասում միայն 2019-ի վերջին եռամսյակում արտադրվել է ավելի քան 100 հազար էլեկտրական շարժիչով ավտոմեքենա։

Դա նշանակում է, որ կարանտինի մի քանի շաբաթների ընթացքում կիսատ կմնա ավելի քան 30-40 հազար ավտոմեքենա։ Սա ընկերության համար այնքան էլ լավ չէ, քանի որ Իլոն Մասկը խոստացել էր, որ 2020 թվականին արտադրությունը կհասցնի մինչև 400 հազար մեքենայի։

Սակայն Tesla-ն, կարելի է ասել ապահովագրություն ունի, և կալիֆորնիական գործարանին կարող է օգնել, ու բացը լրացնել Շանհայում գտնվող գործարանը, որը վերաբացվել է 10 շաբաթյա կարանտինից հետո։ Այնպես որ կանխատեսումները դրական են։ Իհարկե անհարմարություններ կլինեն, սակայն, ընդհանուր առմամբ, Մասկը չի տապալի խոստումը։ Ավելին, Tesla-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ իրենք այժմ ունեն 8,5 մլրդ․ դոլար կանխիկ գումար և ևս 3 մլրդ․ կարող են վարկ վերցնել, և այդ գումարն ավելի քան բավարար է, որպեսզի կարողանան հաղթահարել այս անորոշության ժամանակաշրջանը։

Ամեն դեպքում գնորներն իրենց նոր մեքենաներին ստիպված կլինեն սովորականից ավելի երկար սպասե, ինչն այնքան էլ դրական ցուցանիշ չէ ընդհանուր շուկայի համար։