Մեկնարկել է Digitec 2018–ը. օր առաջին

Այսօր Yerevan Expo կենտրոնում մեկնարկել է Digitec 2018 ամենամյա միջոցառումը։ Այս տարվանը թվով 14–րդն է։ Digitec–ն անցկացվելու է այս տարի հոկտեմբերի 5–7–ը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

Միջոցառման պաշտոնական մեկնարկը տվեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը` կարմիր ժապավենի կտրման արարողությամբ։ Ներկաներին ողջունեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,  ԴիջիԹեքի պլատինե հովանավոր Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանում թաքնված գանձեր կան ՏՏ ոլորտում։

«ԴիջիԹեքն ամեն տարի միավորում է տեխնոլոգիական ընկություններին ու ամբողջացնում Հայաստանի մասին պատկերացումը: Ցուցահանդեսին  պետք է մասնակցել  ընտանիքներով` տեսնելու հայ ինժեներների, հայկական ընկերությունների  ներուժը, մեր ապագան։ Մենք ընդգծում ենք այս ցուցահանդեսի խիստ կարևոր լինելը  ու նախանշում, թե ինչպես ենք տեսնում ոլորտի, Հայաստանի ապագա զարգացամումը և մեր ապագա ուղին»:

«Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ ԴիջիԹեքը 14-րդ անգամ է հնարավորություն ընձեռում ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու նորարարական լուծումներով ու գաղափարներով։ Այս տարի Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաև ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն, ողջունելով ներկաներին նշել է, որ 2019թ-ի հոկտեմբերի 6-9-ը  ԱՏՁՄ-ն եւ WITSA-ն Հայաստանում կհյուրընկալեն ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը (WCIT 2019) եւ շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահին ու վարչապետին համաժողովի աջակացման համար:

14–րդ ԴիջիԹեքն այս տարի ունի հետևյալ բաժինները`

Կոմպլեքս ինժեներական լուծումներ

ՏՏ սարքավորումներ և համակարգեր

Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ

Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ

Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա

Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար

Տեղեկատվական և կիբեռ անվտանգություն

ֆինանսաբանկային լուծումներ

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում, որը կրում է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը, պաշտոնապես մեկնարկել է նաև Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. hոկտոմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի դեպ, ԴիջիԹեքի պատվավոր այցելուների թվում են նաև Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահն ու քարտուղարը, ինչպես նաև WITSA տնօրենների խորհուրդի անդամները շուրջ 40 երկրից: Նրանք ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին, հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար:

ԴիջիԹեքն ամեն տարի մի հարկի տակ է համախմբում ՏՏ ոլորտի հայտնի և դեռևս անհայտ ներկայացուցիչներին։ Տեխնոլոգիական ցուցահանդեսը հարթակ է, որտեղ ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումներ ունենում  միյանց հետ և համագործակցության նոր եզրեր գտնում։ 

Սյուզան Թոսունյան