Մոսկվայի իշխանություններն ուժեղացնում են օնլայն վերահսկողությունը՝ հատելով բոլոր սահմանները

Google Play-ում հայտնվել է Social monitoring անվանումով մի հավելված, որը ստեղծվել է Մոսկվայի քաղաքային իշխանությունների պատվերով: Հավելվածի նկարագրության համաձայն հավելվածը նախատեսված է ոչ միայն մոնիթորինգի, այլև ճգնաժամային իրավիճակում օգնություն կանչելու համար: Սակայն օգտատերերն ուշադրություն են դարձրել հավելվածի բազմաթիվ խոցելի կողմերին ու տարօրինակություններին: Հավելվածը Google Play-ում է հայտնվել մի քանի օր առաջ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օնլայն խանութում հավելվածները հաստատման փուլը բավականին երկար են անցնում, կարելի է ենթադրել, որ այն պատրաստ է եղել առնվազն երկու շաբաթ առաջ: Այն ուշադրություն գրավեց միայն Մոսկվայի իշխանությունների մտադրությունների հրապարակումից հետո, այն է՝  տնից դուրս գալու համար հատուկ QR կոդեր տրամադրել քաղաքացիներին:

Հավելվածը սմարթֆոնում ներբեռնելուց ու install անելուց հետո ձեզանից պահանջում է հասանելիություն գրեթե բոլոր տվյալներին ու կարգավորումներին, ներառյալ տեղակայման վայրը:

Ներբեռնելուց ու SMS գրանցումից հետո օգտատերը պարտավոր է լուսանկարել իր դեմքն ու լուսանկարն ուղարկել ծրագրավորողներին: Հավելվածում ընդամենը երկու հասանելի կոճակ կա՝ SOS ու վերջին նորություններ: ԵՐկրորդի վրա սեղմելով օգտատերերը հայտնվում են քաղաքապետարանի կայքում, որտեղ զետեղված է կորոնավիրուսի մասին տեղեկություն: Այս մասին հայտնում է BBC-ն:

ՏՏ փորձագետ Վլադիսլավ Զդոլնիկովը պարզաբանել է, որ հավելվածը տվյալները փոխանցում է քաղաքապետարանին, այն էլ առանց գաղտնագրման՝ բաց: Բացի դա, դիմաճանաչման համար ընկերությունն օգտագործում է identix.one էստոնական սերվերը, որը գտնվում է Գերմանիայում: Հավելվածի այս և այլ թերությունների մասին փորձագետը գրել է իր Telegram-ում:

«Հիմա նույնիսկ կարևոր չէ, թե ինչ կասի քաղաքապետարանը: Ամեն ինչ համընկնում է՝ սկզբում QR կոդերը, աղբը թափելու համար, հիմա էլ սա: Սոբյանինը թվային համակենտրոնացման ճամբար է ուզում ստեղծել»,- իր Telegram ալիքում գրում է լրագրող Ալեքսանդր Պլյուշչևը: