«Յանդեքսը» գործարկել է սեփական մեսենջերը

« Յանդեքս » ընկերությունը հայտարարել է համանուն նոր հավելվածի գործարկման մասին: Յանդեքս Մեսենջեր անվանումը կրող նոր հավելվածը նույն գործառույթն ունի, ինչ որ մյուս հայտնի մեսենջերները, ասենք՝ WhatsApp-ն ու Telegram-ը:

Մեսենջերը, որի օգնությամբ կարելի է շփվել չաթերում, կատարել աուդիո եւ տեսազանգեր, ուղարկել ձայնային հաղորդագրություններ, հասանելի կլինի որպես առանձին հավելված Android եւ iOS բջջային համակարգերի կամ համակարգիչների համար:

Ինչ վերաբերում է առանձնահատկություններին , նշենք, որ այստեղ կա ձայնային հաղորդագրությունը տեքստային ֆորմատով փոխանցելու գործառույթ ։ Այդ նպատակով օգտագործվում է SpeechKit խոսքի ճանաչման տեխնոլոգիան։ « Մեր ընկերությունում մշակված խոսքի ճանաչման տեխնոլոգիայի օգնությամբ SpeechKit ձայնային հաղորդագրությունները հընթացս վերածվում են տեքստի, որպեսզի դրանք հնարավոր լինի ե՛ւ լսել, ե՛ւ կարդալ» , — պարզաբանել են «Յանդեքս»-ից :

Հատկանշական է, որ բոլորովին հարկ չկա ներբեռնել նոր հավելվածը : Այն հասանելի է հենց Յանդեքս բրաուզերում կամ yandex.ru գլխավոր էջում: