Յուրի Հովհաննիսյանը՝ Դեմիդովյան մրցանակի դափնեկիր

Համաշխարհային ճանաչում ունեցող, մեծանուն գիտնական, ակադեմիկոս  Յուրի Հովհաննիսյանը Դեմիդովյան մրցանակի դափնեկիր է դարձել: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել «նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործում նշանակալի ավանդի համար»:

Յուրի Հովհաննիսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի, Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հետազոտությունների բնագավառի մասնագետ է, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար:  Նրա ղեկավարությամբ 2000-2010 թվականներին միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր :Իսկ Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը նրա պատվին անվանվել է «օգանեսոն»:

Դեմիդովյան մրցանակները շնորհվում են անձնական ակնառու ներդրման համար մի քանի բնագավառներում՝ երկրագիտություն, ֆիզիկա և մաթեմատիկա, տնտեսագիտություն և ձեռնարկատիրություն, հումանիտար գիտություններ:
Դեմիդովյան մրցանակի դափնեկիրներին տրվում է դիպլոմ, ոսկե մեդալ՝ մալախիտե զարդատուփով և 1 մլն ռուբլի  գումար: