ՆԱՍԱ-ի ղեկավարը նշել է, թե մարդիկ երբ կկարողնան հաստատվել Լուսնի վրա

ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը վստահություն է հայտնել, որ մարդկանց մշտական ներկայությունը Լուսնի վրա իրականություն կդառնա առաջիկա տաս տարվա ընթացքում:

«Կարծում եմ՝ մենք մոտ 10 տարի ենք հեռու այն պահից, երբ մարդիկ մշտական բնակություն կհաստատեն Լուսնի վրա»,- РИА Новости-ն փոխանցում է Բրայդենստայնի խոսքը:

Ինչպես վերջինս նշել է, ԱՄՆ-ն այժմ կառուցում է Gateway տիեզերակայանը, որը կշարժվի լուսնային ուղեծրով:

«Այն ընկալեք որպես բազմանգամյա օգտագործման թռչող մոդուլ, որի միջոցով մարդիկ կկարողանան գտնվել Լուսնի ուղեծրում: Մենք ցանկանում ենք, որ այնտեղից դեպի Լուսին և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնեն վայրէջքի համար նախատեսված սարքավորումները: Մենք դրան կարող ենք հասնել արդեն տաս տարվա ժամկետում», – ասել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:

Նա վստահեցրել է, որ նոր մերձլուսնյա կայանը միջազգային կլինի: Նրա կարծիքով՝ տիեզերքում գործընկերների փոխհամագործակցությունը չպետք է կախված լինի մեկը մյուսից: