Պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը ՏՀՏ լիդերների օրակարգում

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 28-29-ը, Աղվերանում կազմակերպում են  «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնահարցերին:

«2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը: Այդ համակարգի ներդրումն  արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացրել թե′ մեր ոլորտի ընկերությունների, թե′ աշխատակիցների, թե′ հաշվապահների մոտ»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.

  • Պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հայեցակարգի և օրենքի  քննարկումներ
  • Քաղիրավական պայմանագրային եկամուտներից պարտադիր կուտակային բաղադրիչի մասհանումների առանձնահատկությունների ներկայացում
  • Օտարերկրյա քաղաքացիների (հաստիքային կամ քաղիրավական պայմանագրերով աշխատող) պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու աrանձնահատկությունները
  • Պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու ձևաչափերի ընտրության սկզբունքները և առանձնահատկությունները

Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, նոր կենսաթոշակային հայեցակարգի հեղինակների, կենսաթոշակային հիմնադրամների, շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հետաքրքրված այլ ոլորտների ընկերությունների, պետական գերատեսչությունների, միջազգային շուրջ 50 ներկայացուցիչներ։