«Սինոփսիս Արմենիա»-ն մտադիր է Գյումրիում մասնաճյուղ հիմնել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին:

Հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին: Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել է, որ ընկերությունն արդեն իսկ սկսել է կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, այնպես էլ այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավատների համար՝ հետագայում նրանց ընկերությունում ներգրավելու նպատակով:

«Գյումրին արվեստի և վարպետների քաղաք է, այն ունի հիանալի, տաղանդավոր բնակիչներ և զարգացման մեծ ներուժ: Մենք փորձում ենք վերակենդանացնել, աշխուժացնել քաղաքը, և ուրախ ենք, որ «Սինոփսիս»-ն սկսել է աշխատել այնտեղ»,- նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: