Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել Apple-ի նոր խանութի բացման դեմ

Ելիսեյան դաշտերում կիրակի բողոքի ցույց է անցկացվել՝ կապված ֆրանսիական մայրաքաղաքում Apple Store մեծ խանութի բացման հետ, որը նախատեսված է Apple-ի արտադրանքների մանրածախ վաճառքի համար:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բողոքի ակցիան կազմակերպել են դեռևս 1998-ին ստեղծված Attac խոշորագույն միջազգային շարժման ակտիվիստները: Ինչպես նշել են ցուցարարները, իրենք ցանկանում են հիշեցնել, որ ամերիկյան ընկերությունն առաջատար դիրքերում է գտնվում ողջ աշխարհում հարկերից խուսափելու առումով:

Ցուցարարների խոսքով՝ բորսային կապիտալիզացմամբ խոշորագույն ընկերության կայսրությունը հիմնվել է այն հանգամանքի վրա, որ այն զրկել է ֆրանսիացիներին և այլ եվրոպական երկրների քաղաքացիներին միլիարդավոր դոլարներից՝ հարկման ենթակա միջոցների անօրինական արտահանում իրականացնելով:

Բողոքի ակցիայի ժամանակ ամերիկյան տեխնոլոգիական հսկային մեղադրել են նաև Ասիայի երկրների քաղաքացի հանդիսացող աշխատավորներին շահագործելու մեջ: