Ֆինլանդիան կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ կկիրառվի 4-օրյա աշխատանքային ռեժիմ

Ֆինլանդիայի վարչապետ 34-ամյա Սաննա Մարինն առաջարկել է երկրում կիրառել աշխատանքային քառօրյա ռեժիմ ։ Առաջարկի մանրամասները դեռ պարզ չեն, սակայն, ինչպես նշում է CNBC-ն , ներկայում Ֆինլանդիան աշխարհում ամենաճկուն աշխատանքային օրենսդրություններից մեկն ունեցող երկիրն է, և շատ հարմար նման փոփոխություններ կատարելու համար։

Մարինի առաջարկը հետևյալն է՝ աշխատանքային շաբաթ՝ կազմված 4 օրից, 6-ժամյա աշխատանքային գրաֆիկով։ Այդ նախագիծը նա համարում է հերթական քայլն աշխատանքային կյանքում՝ սահմանված բոլորի համար։

Հայտնի է, որ այդ թեման արդեն որոշ ժամանակ է՝ ինչ զբաղեցնում է տիկին վարչապետի միտքը։ Օգոստոսին, երբ նա դեռ երկրի տրանսպորտի նախարար էր, ասում էր՝<< Ես հավատում եմ, որ մարդիկ արժանի են , որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների, սիրելիների հետ, ժամանակ ունենան՝ իրենց նախասիրություններով զբաղվելու>>։

Ֆինլանդիայում արդեն երկար ժամանակ գործում է աշխատանքային ուրույն օրենսդրություն , որը շատ այլ երկրներում կարող է դիտվել իբրև փորձարարություն։ Ասենք, օրինակ՝ 1996թ-ից ի վեր աշխատողն իրավունք ունի իր աշխատանքային օրը գործատուի կողմից սահմանված ժամանակից սկսել 3 ժամ շուտ կամ ուշ։

Կառավարության մամուլի ծառայությունը հրաժարվել է կոնկրետ տեղեկատվություն տրամադրել վարչապետի առաջարկի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ այն ներկայում ամրագրված չէ երկրի կառավարության գործողությունների ծրագրում:

Քառօրյա աշխատանքային շաբաթի հետ կապված փորձարկումներն առայժմ անցկացվում են մի քանի ընկերություններում ։ Այսպես, օգոստոսին Microsoft-ի ճապոնական բաժանմունքն արգելել էր ծառայողներին աշխատել ուրբաթ օրերին ։ Աշխատանքի արտադրողականությունը կտրուկ աճել է, թեև շատերը խոստովանել են, թե անհարմար է հանգստանալ այն օրերին, երբ բոլորն աշխատում են: Նորզելանդական Perpetual Guardian ընկերությունն արտադրողականության աճ չի արձանագրել, սակայն որոշել է չորսօրյա աշխատանքը դարձնել մշտական, քանի որ աշխատողներն ավելի երջանիկ են դարձել: