Yahoo ինտերնետ ընկերության ծառայություններից օգտվողներն այսուհետ չեն կարողանա օգտագործել իրենց Google կամ Facebook հաշիվները՝ ծառայություններ մուտք գործելու համար: Այս մասին պաշտոնապես հայտարարել է հենց Yahoo-ն:
Նոր համակարգը օգտագործողից պահանջելու է գրանցել Yahoo ID՝ ակտիվացնելու և մուտք գործելու ինտերնետ հսկայի ծառայություններ: Այս համակարգը հերթով կսկսի գործել Yahoo-ի բոլոր ծառայությունների համար: Առաջին ծառայությունը, որում կանջատվեն Google և Facebook հաշիվներով մուտք գործելու հնարավորությունները կլինի Yahoo Sports Tourney Pick’Em:
Մնացյալ ծառայություններում համակարգի գործարկման ժամկետներ ընկերությունն առայժմ չի նշում:
Հիշենք, որ ավելի վաղ Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը հայտնել էր, որ պատրաստվում է ընկերության ծառայությունները, մասնավորապես Yahoo Mail-ը, ինչպես նաև սպորտային և ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի հարմար, ինտերակտիվ և բջջային: Ընկերության համոզմամբ, նման համակարգի ներդրումը կօգնի ապահովել անհատական մոտեցում օգտագործողին: