102.am-ը կօգնի վերականգնել վարորդների կորցրած իրավունքները

Օրերս գործարկվել է 102.am կայքը, որը կոչված է պաշտպանելու ՀՀ քաղաքացիների իրավունքները ոստիկանության աշխատակիցների հետ փոխհարաբերությունների կոնտեքստում: Մասնավորապես, այն իրազեկում է վարորդներին, թե ինչպես պաշտպանել սեփական իրավունքները պետավտոտեսուչների հետ առնչվելիս:

Կայքում կարելի է գտնել այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են արագաչափերի տեխնիկական տվյալները, տուգանվելու պարագայում անհրաժեշտ ինֆորմացիան, ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները, մեքենան կանգնեցնելու՝ ճանապարհային ոստիկանի իրավասության սահմանները, ինչպես նաև կարմիր գծերի դիմաց չվճարելու և տուգանվելուց խոսանավելու հմտությունները:

Կայքի հիմնադիրը Մեսրոպ Մինասյանն է, ով վերջին շրջանում համացանցում հայտնի է դարձել իր հրապարակած տեսանյութերով, որտեղ արձանագրում է պետավտոտեսուչների անբարեխիղճ վերաբերմունքը վարորդների՝ մասնավորապես իր հանդեպ: Նրա խոսքերով՝ մեքենայի թանկ մակնիշը շատ հաճախ պատճառ է դառնում, որպեսզի ճանապարհային ոստիկանները անիմաստ կանգնեցնեն մեքենան և զրպարտանքի միջոցով փորձեն գումար շորթել խախտում չկատարած վարորդից: Որոշ վարորդներ հաճախ, չցանկանալով գլխացավանքի մեջ ընկնել, ենթարկվում են պետավտոտեսուչների ապօրինի պահանջներին:

Սեփական իրավունքների հաճախակի ոտնահարումը Մեսրոպի համար պատճառ հանդիսացավ ստեղծելու այս կայքը և խրախուսելու բոլոր վարորդներին հետևել իր օրինակին և պաշտպանել սեփական վարորդական իրավունքները:

Նշենք, որ կայքի հիմնադրի թաքնված տեսախցիկով նկարահանված տեսահոլովակների հիման վրա արդեն վեց պետավտոտեսուչ է հեռացվել աշխատանքից:

https://youtu.be/haD8JXSUepM

Հուսանք, որ կայքը կնպաստի Հայաստանում վարորդների կորցրած իրավունքների վերականգնմանը, ինչպես նաև ավելի զգոն կդարձնի ճանապարհային ոստիկաններին, որպեսզի նրանք բարեխղճորեն կատարեն իրենց աշխատանքը: