Հայտնի են «ԲարՔեմփ Երևան 2014»-ի անցկացման օրերը

Ամենամյա տեխնոլոգիական միջոցառում, ՏՏ ոլորտի ամենամեծ (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2014»-ն այս տարի կանցկացվի մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այս մասին հայտնում են (չ)կոնֆերանսի կազմակերպիչները «ԲարՔեմփ Երևան»-ի պաշտոնական Facebook էջում:

BarCamp yerevan 2014

Հավելյալ տեղեկություններ միջոցառման այս տարվա ֆորմատի և հյուրերի մասին առայժմ կազմակերպիչները չեն տարածում: Նրանց խոսքով, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միջոցառումը հագեցած կլինի ավանդական ներկայացումներով և Workshop-ներով:

Նշենք, որ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսն անցկացվում է արդեն 6-րդ տարին և այս տարիների ընթացքում հյուրընկալել է մասնագետների այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են ինտերնետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն:

Հիշենք, որ «ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։