HTC One M8 նոր դրոշակակիր սմարթֆոնի թողարկումից ընդամենը մեկ օր անց համացանցում արդեն սկսեցին լուրեր տարածվել ֆլագմանի մինի, ինչպես նաև ֆաբլեթ տարբերակների մասին: Twitter միկրոբլոգում տեխնոլոգիական լուրեր տարածող օգտագործող @evleaks-ն է նոր ասեկոսեների աղբյուրը:
Հիշենք, որ անցած տարի թողարկվել էր HTC One mini-ն՝ 4.3 դյույմ էկրանով, երկմիջուկ պրոցեսորով և BoomSound տեխնոլոգիայով: Թե որքանո՞վ է տարբերվելու նոր մինի տարբերակը դրոշակակիր HTC One M8-ից, դժվար է ասել:
Ըստ համացանցում առկա լուրերի One M8 mini-ն ունենալու է 4.5 դյույմ էկրան, քառամիջուկ Snapdragon 400 պրոցեսոր, 1գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, դիմային 5Մպ և հիմնական 13Մպ ֆոտոխցիկներ, աշխատելու է Android 4.4.2 KitKatով՝ հագեցած Sense 6.0 ինտերֆեյսով:
Բացի այս ամենից, @evleaks-ը չի բացառում դրոշակակրի ֆաբլեթ տարբերակի թողարկումը՝ M8 One Ace կոդային անվանմամբ: