sammobile.com կայքը հրապարակել է Samsung Galaxy S5 mini (SM-G800) դեռևս չթողարկված սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը: Կայքը հրապարակել է այս տեղեկությունները՝ հղելով իր ներքին աղբյուրներին, որոնք հաստատել են թե՛ S5 mini-ի և թե՛ S5 Zoom սմարթֆոնների թողարկման լուրը:
Ըստ աղբյուրների տրամադրած տեղեկությունների, Galaxy S5 mini-ն ունենալու է 4.5 դյույմ Super AMOLED էկրան՝ 720p թույլատրությամբ, քառամիջուկ Snapdragon 400 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, 2100մԱ/Ժ մարտկոց և IR Blaster մոդուլ:
Սարքն աշխատելու է Android 4.4 KitKat ՕՀ-ով՝ TouchWiz ինտերֆեյսով: Սպասվում է նաև, որ սմարթֆոնը լինելու է անջրանցիկ և փոշեդիմացկուն: Դա նշանակում է, որ այն հնարավոր կլինի օգտագործել անգամ մինչև 1մ խորությամբ ջրի տակ:
Սպասվում է, որ սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի 2014թ. հունիսին:
Աղբյուրը՝ sammobile.com