«ԱրմենՏել»-ը շարունակում է ՀՀ մարզերում հեռախոսագծերի թվայնացումը

beeline

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Ապարանի շրջանի Հարթավան համայնքում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն  ուղղված աշխատանքները։

Մինչև  սույն թվականի ապրիլի 15–ն ընկերությունը կավարտի Հարթավան համայնքի թվային կայանի տեղակայման, գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման, աարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել Հարթավանի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

 «Հպարտ եմ, որ մեր ներդրումների շնորհիվ Հայաստանի ֆիքսված ցանցի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել մեր երկիրն Արևմտյան Եվրոպայի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին։ Ավելին, իրականացնելով ներդրումներ լարային ցանցում` «ԱրմենՏել» ընկերությունը բարձրացնում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը` դարձնելով դրանք պարզ և հարմար Beeline բաժանորդների համար», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։