Արդեն 4-րդ անգամ մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Այս տարի նախագծին է միացել նաև «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր:
Առաջնության նպատակն է զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ունենալ ոլորտում “Made in Armenia” բրենդ և դուրս գալ միջազգային շուկա: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և վերջիններիս խրախուսելու շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:
«2011 թվականին, երբ առաջին անգամ կազմակերպում էինք առաջնությունը, ներկայացված էր 25 նախագիծ, 2012-ին նախագծերը 40-ն էին, իսկ 2013-ին ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր 50-ի: 2013 թվականի առաջնության հաղթող խաղը` «FastFood»-ը, այժմ ունի մինչև 100.000 բեռնում: Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ առաջնությունը զարգացում է ապրում, և այս տարվա համար կարող ենք ավելի հավակնոտ նպատակներ մեր առջև դնել և իրականացնել: Նախատեսում ենք, որ 2014-ին ունենալու ենք մասնակիցների թվի մոտ 30% աճ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվելու է 4 փուլով: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը և խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Օրանժ Արմենիա, Plexonic, Triada, Frismos, Zoom Graphics, HitBits ընկերություններից:
Մասնակիցները մրցելու են 8 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 3.000.000 դրամ:
«Բաց Խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք և առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:
Գրանցումը բաց է մինչև 2014թ. հոկտեմբերի 12-ը, սակայն բոլոր այն մասնակիցները, ովքեր կգրանցվեն մինչև հունիսի 15-ը, հնարավորություն կունենան ստանալու ժյուրիի խորհրդատվական աջակցությունը, ինչպես նաև մասնակցելու մասնագիտացված դասընթացների և ԻՏՁՄ կողմից կազմակերպվող ոլորտային միջոցառումների: