Վաղուց լուրեր են պտտվում, որ Microsoft-ը պատրաստում է «խելացի» ժամացույցներ: Այժմ այդ լուրերը հաստատում է Forbes-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ ընկերության ստեղծած սարքը կաշխատի ոչ միայն Windows Phone-ով, այլև iOS և Android օպերացիոն համակարգերով:
Ժամացույցը կստանա մի քանի սենսորներ, այդ թվում նաև օպտիկական, որը մշակում են Xbox Kinect թիմի անդամները: Սենսորները հետևելու են օգտագործողի ֆիզիկական տվյալներին՝ անընդհատ չափելով սրտի աշխատանքն ու այլ պարամետրեր:
Աղբյուրները հավաստում են, որ Microsoft-ի ժամացույցները նման կլինեն Samsung Gear Fit մոդելին և կունենան սենսորային էկրան, որը կամրացվի դաստակի ներսի մասից, որպեսզի օգտագործողի անձնական տվյալները կողմնակի անձինք հեշտությամբ չտեսնեն:
Թե երբ ժամացույցները կթողարկվեն, առայժմ հայտնի չէ, սակայն վերլուծաբանները սպասում են, որ դա կկատարվի այս ամռան ընթացքում:
Աղբյուրը՝ forbes.com