Հայ-հոլանդական բիզնես ֆորում` ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում

digitec business forumԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հունիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են Հայ-հոլանդական բիզնես ֆորում: Միջոցառումը կանցկացվի ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում, որը կտևի 2 օր` հունիսի 20-21-ը` «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո:

Հայ-հոլանդական ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել Նիդերլանդների ընդհանուր ՏՀՏ ոլորտի և, մասնավորապես, բիզնես կիրառական խաղերի մեթոդի նկարագիրը: Կիրառական կամ «լուրջ» խաղերը իրական խնդիրների կամ իրավիճակների սիմուլյացիաներ են, որոնք կարող են օգտագործվել որպես փորձարարական և կրթական տեխնոլոգիաներ ճարտարագիտության, պաշտպանության, առողջապահության, գիտության, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում:

Ֆորումի ընթացքում կքննարկվի նաև հոլանդական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ:

Հայ-հոլանդական բիզնես ֆորումի արդյունքում Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Նիդերլանդների ՏՀՏ ասոցիացիայի (Nederland ICT) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև:

Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ»  ընկերությունը:

Ֆորումի մուտքն ազատ է: