Այսօր` հունիսի 20-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Այս տարի Ֆորումին մասնակցում են և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում:
Միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից և սեմինարներից, պլենար նիստերից: Ֆորումի շրջանակներում կկայանան նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ և այլն: Ֆորումների օրակարգին ծանոթանալու համար կարող եք հետևել այս հղմանը:
Բիզնես Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:30-18:00: Ֆորումը կտևի 2 օր` հունիսի 20-21-ը: Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:
Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը: