Վերջերս հայտնի դարձավ, որ ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը՝ ավելի քան 20 տարի ABBYY-ում աշխատելուց հետո, որոշել է վերադառնալ Հայաստան և ղեկավարել Երևանի «Այբ» դպրոցը: itTREND.am-ի հետ զրույցում նա պատմել է իր որոշման, ինչպես նաև «Այբ»-ի ապագայի մասին:
1. Պրն. Փախչանյան, ինչպես ստացվեց, որ ABBYY-ից հենց դուք որոշեցիք ղեկավարել «Այբը»
ABBYY-ն և «Այբը» որևէ կերպ իրար հետ կապ չունեն, բացի նրանից, որ երկու մարդ՝ ես և Դավիթ Յանը (ABBYY հիմնադիրը) հանդիսանում ենք «Այբ» հիմնադրամի հիմնադիրները: Սակայն բացի մեզնից, ֆոնդը հիմնադրել են ևս 6 հոգի, որոնց հետ մենք սովորել ենք դպրոցական տարիներին: Մեզ միավորում է այն, որ մենք բոլորս ծնվել և մեծացել ենք Հայաստանում և մեր ուսման շնորհիվ հասել այն ամենին, ինչ այսօր ունենք: Մենք կարծում ենք, որ մեր պարտքն է Հայաստանին վերադարձնել այն, ինչ մեզ տվել է մեր երկիրը, որպեսզի գալիք սերունդները նույնպես նման հնարավորություն ունենան:
8 տարիների ընթացքում մեր նախաձեռնությանը միացել է ավելի քան 150 մարդ, մեկնարկել են մի շարք նախագծեր և պարզ դարձավ, որ մեզ պետք են գաղափարին նվիրված, փորձ ունեցող մարդիկ: Ընկերներս առաջարկեցին հենց ինձ ղեկավարել «Այբը» և ես չկարողացա հրաժարվել: Այս նախագիծը ինձ համար շատ կարևոր է:
2. Ի՞նչպես եք պատրաստվում համատեղել երկու պաշտոնները: Արդյո՞ք Ձեր ներկայությունը ABBYY-ում պարտադիր չէ
Ես սովոր եմ համատեղելուն: Անգամ ABBYY-ում աշխատելով՝ ես կարողանում էի ժամանակ տրամադրել մի շարք թրեյնիգներ վարելուն, ինչպես նաև տարբեր այլ ՀԿ-ների նախաձեռնություններին մասնակցելուն: Սակայն դպրոցի ղեկավարի պաշտոնը պահանջում է մաքսիմալ կենտրոնացում: ABBYY-ում փոխնախագահի իմ պաշտոնը չի պարտադրում ամենաօրյա ներկայություն գրասենյակում: Հենց դրա շնորհիվ է, որ ես կարող եմ Երևանում գտնվել և հիմնական ժամանակս տրամադրել դպրոցին:
3. «Այբը» Հայաստանում հայտնի է որպես ամենազարգացած, տեխնոլոգիական և թանկարժեք դպրոց: Ի՞նչ նորամուծություններ են սպասվում Ձեր ղեկավարության ներքո
Ես կուզենայի մեկ ուղղում անել: «Այբը» ամենաթանկարժեքը չէ: Ավելին, «Այբ»-ում սովորող երեխաների 77%-ը ստանում են կրթաթոշակ մեր հիմնադրամի կողմից: «Այբը» հնարավորություն է տալիս ստանալ բարձրորակ ուսում ցանկացած երեխայի ցանկացած ընտանիքից, միայն թե լինի սովորելու և ինքնազարգացման ձգտելու ցանկություն :
Քանի որ մենք չենք դիտարկում «Այբ»-ը որպես բիզնես, վճարումները ծախսվում են միայն ընթացիկ ծախսերի համար: Ցանկացած որևէ նախագիծ կամ դպրոցի արտաքին տեսքի հետ կապված ծախս կատարում է հիմնադրամը:
«Այբը» լավն է ոչ թե նրանով, որ զարգացած է և տեխնոլոգիական է, այլ տարբերվում է նրանով, որ դպրոցի հիմքում համագործակցությունն է: Այն ստեղվծել է համագործակցության արդյունքում: Նույն տրամաբանությունը գործում է դպրոցի ներսում. աշակերտները և ուսուցիչներն այստեղ գործընկերներ են ուսման գործընթացքում: Ուսուցիչը ոչ թե սովորեցնում է և պահանջում, այլ օգնում աշակերտին յուրացնել գիտելիքները և հմտությունները, սովորեցնել բացահայտել և բացել նոր աշխարհ: Մենք սովորեցնում ենք երեխաներին պատասխանատվության, պատրաստում նրանց ապագա ինքնուրույն հասուն կյանքին, սովորեցնում ենք լինել հավասար գործընկերներ մեծերի հետ:
Մենք շատ զգուշորեն ենք վերաբերվում նորարարության գաղափարին: Չի կարելի դրանք փորձարկել երեխաների վրա: Մենք օգտագործում ենք պարզ և ստուգված կրթության սկզբունքներ, որոնք կիրառվել են դարերով, սակայն այսօր նորովի են մատուցվում. նոր իմաստով և բովանդակությամբ: Հենց այս առումով «Այբ»-ը միաժամանակ թե՛ նորարար է և թե՛ ավանդական:
4. Ի՞նչ առարկաներ են դասավանդում «Այբ»-ում, որոնք չկան ՀՀ այլ դպրոցներում
«Այբ» ավագ դպրոցում կա 60 առարկա սովորելու հնարավորություն: Դրանց մի մասը պարտադիր է, մյուսը՝ ընտրովի: Աշակերտներից է կախված, թե ներկա պահին ինչ ընտրովի առարկա կդասավանդվի: Ավագ դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ունի իր ուսման անձնական ծրագիրը: Երբ հավաքվում է մինիմալ քանակությամբ աշակերտ, առարկան դասավանդվում է: Մեր պարտադիր առարկաներից են Գրաբարը և Գիտելիքի տեսությունը: Այս երկուսը չեն դասավանդվում ավանդական դպրոցներում: Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ներկա պահին արդեն ավարտել ենք միջնակարգ դպրոցի ծրագիրը, որը կսկսի գործել այս տարի (առայժմ 7-րդ դասարանից):
5. Քանի՞ աշակերտ ունի «Այբը» և քանի՞ շրջանավարտ է տվել: Արդյո՞ք պատրաստվում եք ավելացնել դպրոցում ուսանող աշակերտների քանակը
«Այբ»-ում սովորում է մոտ 300 աշակերտ: Մենք ունեցել ենք երկու հոսք շրջանավարտներ: Նախորդ տարի ավարտեցին 17 հոգի, այս տարի ևս 42-ը: Սովորողների թիվը կաճի, երբ մենք կսկսենք ընդունել աշակերտների տարրական և միջնակարգ դպրոցներ:
Մենք նախատեսում ենք ունենալ մինչև 800 աշակերտ, երբ ամբողջապես գործարկվի դպրոցը: Սակայն դրա համար մեզ հարկավոր է հավաքել անհրաժեշտ միջոցներ նոր շենքի կառուցման համար: Այս տարի նախատեսում ենք սկսել ևս մեկ մասնճյուղի կառուցում:
6. ABBYY ընկերության ո՞ր տեխնոլոգիաներն են կիրառվում «Այբ»-ի կրթական համակարգում
Գրեթե բոլոր հիմնական արտադրանքները: Դպրոցում օգտագործվում են թե՛ ABBYY Lingvo, թե՛ ABBYY FineReader և անգամ ABBYY FlexiCapture ծրագրերը:
7. Պրն. Փախչանյան, ըստ Ձեզ ինչպիսի՞ն պետք է լինեն ապագայի դպրոցները
Ապագայի դպրոցները պետք է նման լինեն «Այբ»-ին: Օրինակ բերեմ, որ պարզ լինի միտքս: Երբ մենք սկսեցինք ստեղծել դպրոցը, առաջ եկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը և մեզ մի շարք մարդիկ խորհուրդ էին տալիս չգործարկել դպրոցի շինարարությունը այդքան դժվար պահին: Մենք սկզբում լսեցինք այդ խորհուրդը և սկսեցինք փնտրել արդեն կառուցված շենք: Սակայն շատ արագ հասկացանք, որ մենք պատրաստում ենք երեխաներին ապագային և կարևոր է, որ դպրոցը, որտեղ նրանք սովորելու են լինի ապագայի աշխարհից: Մենք չենք կարող պատրաստել ապագայի քաղաքացիներ խորանարդ-բույն հիշեցնող տարածքներում՝ պատրաստված բանտի կամ հիվանդանոցի մոդելով:
Մեր դպրոցն ունի վառ, հետաքրքիր դիզայն, յուրօրինակ տարբերվող ժամանակակից ճարտարապետություն, որտեղ օգտագործովում են էներգախնայող ամենաժամանակից տեխնոլոգիաները: Մենք սովորեցնում ենք երեխաներին, որ նրանք պետք է սովորեն ողջ կյանքում, քանի որ ապագայի տնտեսությունը գիտելիքի տնտեսությունն է, իսկ գիտելիքները արագ են փոխվում և հնանում և պետք է անընդհատ սովորել՝ հանրությանը պիտանի լինելու համար:
Մենք սովորեցնում ենք նրանց մտածել կրեատիվ, լինել վառ անհատականություն: Մենք փորձում ենք սովորեցնել տարբերել բարին՝ չարից: Մի խոսքով, դպրոցը պետք է դաստիարակի ապագայի մարդկանց, իսկ թե ինչպիսին պետք է լինեն ապագայի մարդիկ, պարզ է արդեն այսօր: