Բջջային կապի հասանելիությամբ Հայաստանն աշխարհում 70-րդ երկիրն է

internet-speed-1024x769Ըստ Համաշխարհային մրցունակության 2014-2015 զեկույցի` Հայաստանը բարելավել է դիրքերը կապի ոլորտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։

Բջջային կապի հասանելիությամբ Հայաստանը հայտնվել է 70-րդ տեղում` բարելավելով դիրքերը 10 կետով: Ինչ վերաբերում է ֆիքսված կապի հասանելիությանը, 144 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 58–րդ տեղը` բարելավելով դիրքերը 7 կետով:

Հերգնյանի խոսքով` 29 կետով նվազել է տեխնոլոգիական ոլորտում արտասահմանյան ներդրումների ցուցանիշները (79-րդ տեղ), իսկ ընկերությունների կողմից տեխնոլոգիաների յուրացման ցուցանիշով` 15 կետով (113–րդ տեղ)։

Ըստ զեկույցի` Հայաստանն աճ է գրանցել նաև ինտերնետ օգտագործողների թվով, բարելավել դիրքերը 13 կետով և հայտնվել 71-րդ տեղում:

Ինչ վերաբերում է նորարարական հնարավորություններին, ապա Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը` 21 կետով զիջելով դիրքերը: Փոխարենը հայկական ընկերությունների` հետազոտությունների և զարգացման հեռանկարների ծախսերը շատացել են, և այս ոլորտում բարձրացել է Հայաստանը 7 կետով` զբաղեցնելով 102–րդ տեղը։

Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Համաշխարհային մրցունակության զեկույցում 2005 թվականին` զբաղեցնելով 79–րդ տեղն աշխարհի 117 երկրների շարքում։ 2012 թվականին և 2013-ին Հայաստանը համապատասխանաբար զբաղեցնում էր 82–րդ և 79-րդ տեղը: