Երբ 2014-ին ներկայացվեց Apple Pay վճարային համակարգը, շատերը արդարացիորեն նկատեցին, որ Google Wallet-ը վաղուց թույլ է տալիս վճարումներ կատարել NFC-ի միջոցով: The Information-ը գրում է, որ Google-ը որոշել է նոր շունչ տալ իր վճարային համակարգին ու անցած աշուն սկսել է փորձարկել նոր Plaso ծառայությունը, որը վճարում իրականացնելու համար օգտագործում է գնորդի անվան սկզբնատառերը:
Ըստ աղբյուրի՝ Plaso-ն կներկայացնի իրենից Android-հավելված, որը կաշխատի Bluetooth-ով: Երբ օգտագործողը մտնի խանութ, գանձապահը համակարգչի էկրանին կտեսնի գնորդի անվան սկզբնատառերը, իսկ վճարում կատարելու համար բավական կլինի գանձապահին ասել սեփական անվան առաջին տառերը:
Ներկա պահին Plaso-ն փորձարկվում է միայն Google-ի աշխատակիցների կողմից: Սակայն առաջանում են մի քանի հարցեր. ի՞նչ կպատահի, եթե գնորդների սկզբնատառերը համընկնեն, բացի այդ՝ անվտանգության տեսանկյունից ևս շատ հարցականներ կան:
Աղբյուրը՝ The Information