Պոլիտեխնիկն ու Honeywell-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

big_d3e3fb6a0ddd93ec5ab5d18f211b170eՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և ամերիկյան Honeywell տեխնոլոգիական ընկերությունն այսուհետ կհամագործակցեն։ Այսօր համագործակցության պայմանագիր է կնքվել Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի և Honeywell-ի ռուսաստանյան ներկայացուցչության փոխնախագահ, տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Սորկինի միջև:

Ըստ պայմանագրի՝ Honeywell-ը ՀԱՊՀ-ին կտրամադրի 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր Honeywell-ի UniSimTM Design Suite ծրագրային ապահովման շարքից։ Վերոնշյալ ծրագրերը նախատեսված են օնլայն և օֆլայն նախագծման մոդելավորումը հեշտացնելու, աշխատանքային գործընթացը ճշտելու համար։ Տրամադրվող ծրագրերի շնորհիվ ուսանողները հետագայում կկարողանան աշխատել Honeywell-ի հետազոտական կենտրոններում։

«Մեր ընկերությունը ձգտում է ամրապնդել այլ երկրների հետ համագործակցությունը` առաջին հերթին բուհերի հետ աշխատելով»,- նշել է Honeywell-ի ռուսաստանյան ներկայացուցչության փոխնախագահ, տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Սորկինը:

Հիշեցնենք, որ Honeywell ընկերությունը մշակում է կառույցների, տների, արդյունաբերության բոլոր ճյուղերի էներգախնայողության ավտոմատացման լուծումներ։