Ստորագրվեց 2019թ. Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացման համաձայնագիրը

big_049eca972Այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2014թ. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հայտ էր ներկայացվել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies- WCIT) անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվեց 2014թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի /WITSA/ տնօրենների խորհրդի նիստում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար լիդերներ շուրջ 100 երկրներից։

WCIT-ը անցկացվում է 1978թ. սկսած՝ երկու տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2000թ. մինչ օրս WCIT-ն անցկացվել է Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիկայում: