«Dasaran» կրթական ծրագիրն ընդլայնում է իր գործունեության շրջանակները։ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրներ Սուրեն Ալոյանն ու Հովհաննես Ղազարյանն օրերս այցելել են ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան, որտեղ հանդիպել են վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանի, ինչպես նաև վարժարանում ուսանող հայ սաների հետ:
Հանդիպմանը կազմակերպվել է ճանաչողական շրջայց, որի ընթացքում Հուրի Բոյամյանը ներկայացրել է վարժարանում կիրառվող ուսումնամեթոդական ծրագրերը, ուսուցանման գործընթացը, տեղեկատվական այն ռեսուրսները, որոնք նպաստում են հայեցի կրթությանն ու դաստիարակությանը:
«Dasaran» կրթական ծրագրի ներկայացուցիչներն անձամբ ներկա են գտնվել վարժարանի դասաժամերից մեկին և ուղղակիորեն ծանոթացել դասավանդման գործընթացին, վարժարանի առօրյային, զրուցել սաների հետ:
Հանդիպման ընթացքում «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրները ներկայացրել են կրթական ծրագիրը, վերջինի նպատակները, գրանցած հաջողությունները և առաջիկայում սպասվելիք նախաձեռնությունները:
Ներկաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել կրթական ծրագրի, մասնավորապես՝ Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի հայ սաների և Հայաստանում ու Արցախում բնակվող նրանց հասակակիցների միջև կրթական ընդհանուր միջավայրի շնորհիվ կամուրջներ հաստատելու հեռանկարի նկատմամբ: