«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) օրերս կայացած Դիջիթեք բիզնես ֆորումին ներկայացրեց դեմ առ դեմ հարցումներ կատարելու CAPI համակարգը, որը թույլ է տալիս պլանշետի կամ դյուրակիր համակարգչի միջոցով սոցիոլոգիական հարցումներ անել: IPSC–ի ներկայացուցիչ Արփինե Աղջոյանը նշեց, որ համակարգը հատկապես նպատակահարմար է ծավալուն հետազոտություններ իրականացնելու համար։
CAPI-ն ունի ադմինիստրատորի և հարցազրուցավարի ինտերֆեյսներ, բացի այդ` հարցման պատվիրատուն կարող է հավելվածի միջոցով հետևել հարցումների անցկացման գործընթացին։
CAPI-ն թույլ է տալիս աշխատել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ռեժիմներում և միացված է GPS-ին, ինչի միջոցով հնարավոր է տեղեկանալ հարցազրուցավարի գտնվելու վայրի մասին: «Հարցման ընթացքում պատասխանները ռեալ ժամանակում գրանցվում են բազայում, ընդ որում` տվյալների բազան ձևավորվում է ավտոմատ կերպով, սա թույլ է տալիս շատ մեծ ժամանակ ու ռեսուրսներ խնայել. բացի այդ` համակարգն այնպես է մշակված, որպեսզի անփութության հետևանքով հարցեր հնարավոր չլինի բաց թողնել»,-ասաց Արփինեն:
CAPI մեթոդի առավելություններն են.
Տեխնիկական սխալների անհամեմատ նվազեցում,
Հարցաշարի հարցերի անցումների ավտոմատացված համակարգ,
Բարձրորակ և բացարձակ վստահելի տվյալներ,
Վավերականության և քվոտայի ավտոմատ ստուգում,
Հարցազրուցավարի ավտոմատ վերահսկում,
Տվյալների ավտոմատ մաքրում,
Գաղտնիության ապահովում,
Ավելի մեծ վստահություն և պրոֆեսիոնալ հարցազրուցավարներ,
Անհրաժեշտ տվյալների շատ արագ հավաքագրում:
ittrend.am-ի հետ զրույցում Արփինեն նշեց, որ CAPI-ն այժմ գտնվում է վերջնական փորձարկման փուլում և օգտագործվելու է «Այ Փի Էս Սի»-ի աշխատանքները հեշտացնելու և ոլորտում ինֆորմացիայի հավաքագրման ու մշակման հարցում նոր մոտեցում ու նոր պրակտիկա բերելու համար, ինչն, ի դեպ, հետսովետական երկրների տարածքում առաջին անգամ է ներդրվում: «Համակարգը պարբերաբար կթարմացվի, աշխատանքն ավելի կայուն կդառնա, հնարավոր է նաև` ավելացվեն նոր ֆունկցիաներ»,- ավելացրեց նա: