Երևանում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակը

Այսօր մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն) բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակը: Միջոցառմանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:

Գրասենյակի կոնֆերանս-սրահում Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանում վիքի նախագծերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը, հիմնադրամի գրանտների բաժնի և միջազգային հյուսիսային համագործակցության ղեկավար Ասաֆ Բարտովը, «Վիքիպեդիա» կրթական ծրագրի ղեկավար Աննա Կովալը, «Եվրոպեանա ԳԼԱՄ» վիքի ծրագրի համակարգող Ուիլիամ Վիատը, «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը և ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը:

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրասենյակի բացման արարողության շրջանակներում մասնակիցները դիտել են նաև «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքները ներկայացնող տեսանյութ: