ԴիջիԹեքին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ՏՏ-ընկերություններ

ԴիջիԹեք էքսպո ցուցահանդեսին, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, ակնկալվում է 130 տեղական և միջազգային ընկերությունների մասնակցություն և շուրջ  40 000 այցելություն:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ այս տարի ԴիջիԹեքն առանձահատուկ է միջազգային ընկերությունների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ: «Բացի այդ` սպասվում է նաև սփյուռքահայ տեխնոլոգիական համայնքի այցելություն: ԴիջիԹեք էքսպոյի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվում նաև իրանական ընկերությունների կողմից, որոնք Հայաստանը դիտարկում են  նաև որպես արդյունավետ կամուրջ դեպի ռուսական մեծ շուկա»,-հավելում է պարոն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ԴիջիԹեքում ցուցահանդեսից բացի կանցկացվեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, ինչպես նաև  աշխատանքի տոնավաճառ և այլ միջոցառումներ: