Երեկ երեկոյան կայացավ Google-ի ամենամյա միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց ոչ թե մեկ, այլ մի քանի սարքեր։ Շնորհանդեսը սկսվեց մի քանի վիճակագրական տվյալներով․ այսպես, Google Play հավելվածների խանութն ունի արդեն մեկ միլիարդ ակտիվ օգտագործող։ Իսկ Android օգտագործողների թիվն անցել է 1,4 միլիարդը։ Բացի այդ՝ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ արդեն 10 հազար ընկերություններ օգտագործում են Android for Work օպերացիոն համակարգը, իսկ ամեն օր ակտիվանում է 30 հազար նոր Chromebook։
Միջոցառման ամենասպասելի պահը հաջորդ սերնդի Nexus-ի ներկայացումն էր, որն իսկապես պատրաստել է LG ընկերությունը։ Nexus 5X-ը վաճառքի է դուրս գալու հոկտեմբերին ու արժենալու է 379 դոլար։ Մոդելն առաջարկվում է սև, սպիտակ ու երկնագույն տարբերակներով։ Սմարթֆոնի էկրանը 5,2 դյույմանոց է՝ FullHD թույլատրությամբ։ Պրոցեսորը 2 ԳՀց հաճախականությամբ վեցամիջուկ Snapdragon 808, օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, իսկ ներքինը՝ 16 կամ 32։ Nexus 5X-ի մարտկոցը 2700 մԱժ է։
Նորույթի հիմնական տեսախցիկը 12,3 ՄՊ է (Sony, f/2.0, երկու լուսադիոդային լուսարձակում, արագ ավտոֆոկուս, 4K թույլատրությամբ տեսանյութ): Սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ։ Nexus 5X-ը ձեռք բերողները կստանան Google Music-ի եռամսյա բաժանորդագրություն և 50 դոլար նվեր՝ Google Play հավելվածների խանութից գնումներ կատարելու համար։
Բացի Nexus 5X-ից ներկայացվել է նաև Huawei-ի պատրաստած Nexus 6P մոդելը, որն ունի 5,7 դյույմանոց QHD AMOLED էկրան՝ 515ppi խտությամբ։ Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 810 պրոցեսորով, ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 3450 մԱժ մարտկոց, մատնահետքի սկաներ, NFC-մոդուլ, տեսախցիկը նույնն է, ինչ Nexus 5X-ի դեպքում։ Ներքին հիշողությունը 32, 64 կամ 128 ԳԲ է, սմարթֆոնի գինը դրանից կախված 499, 549 և 649 դոլար է։
Վերոնշյալ երկու սմարթֆոններն էլ կստանան USB Type-C, կաշխատեն Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով։ Nexus 5, Nexus 6, Nexus 7 2013 թ․ և Nexus 9 մոդելները կստանան նոր ՕՀ-ը հաջորդ շաբաթվա ընթացքում։
Սա դեռ ամենը չէ․ Google-ը ներկայացրել է նաև նոր Google Music-ը, որը թույլ է տալիս ձեռք բերել բաժանորդագրության ընտանեկան փաթեթ և 15 դոլար ամսավճարով 6 տարբեր ըքաունթներից օգտվել ծառայությունից։
Google-ը ներկայացրել է նաև Chromecast-ի երկրորդ սերունդը, որը շատ տարբերվում է նախորդից։ Կցորդն արժե 35 դոլար ու հասանելի է 3 գույներով՝ դեղին, կարմիր ու սև։ Wi-Fi 802.11ac-ի շնորհիվ հնարավոր կլինի սթրիմինգը դիտել լավագույն որակով։
Google-ը ներկայացրել է նաև Pixel C պլանշետը, որն աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով, ունի 10,2 դյույմանոց էկրան՝ 308ppi խտությամբ և USB Type-C մուտքով։ Սարքի օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է։ Պլանշետը կթողարկվի նոյեմբերին ու կարժենա 499 դոլար (32 ԳԲ), 599 դոլար (64 ԳԲ): Ներկայացվել է նաև պլանշետի համար նախատեսված ստեղնաշար, որը կարժենք 149 դոլար։