Նոյեմբերի 1-ին տեղի կունենա GDG DevFest Armenia 2015-ը

Google Developer Group Yerevan-ը Google ընկերության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է ամենամյա GDG DevFest Armenia 2015 միջոցառումը, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ Թումոյում։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա DevFest-ը կլինի մեկօրյա, բայց լի հետաքրքիր ելույթներով և ուսուցողական աշխատարաններով։

Միաժամանակ տեղի ունեցող երեք տարբեր միջոցառումներով, DevFest-ը հետաքրքիր կդարձնի տեխնոլոգիական հայերի կիրակին։

Նոր տեխնոլոգիաների վերաբերյալ ելույթներով օրը հագեցած կլինի տեղային և Google-ի տարբեր գրասենյակներից հատուկ հրավիրված հյուրերի կողմից։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեկ օրում հմտանալ ևս մեկ տեխնոլոգիայում, կկարողանան ողջ օրվա ընթացքում մասնակցել Polymer Code Lab-ին և քայլ առ քայլ ծանոթանալ Google-ի այդ նորագույն տեխնոլոգիային։

Դե իսկ հավելվածների մշակմամբ զբաղվող նորաստեղծ ընկերություններին կհետաքրքրի Google Design Sprint-ը, որի ընթացքում Google-ից հրավիրված մասնագետների հետ ողջ օրվա ընթացքում կկարողանան ծանոթանալ Google Ventures-ի կողմից մշակված նախագծերի կառավարման Design Sprint մեթոդին և հմտանալ դիզայնի խնդիրները արագորեն լուծելու մեխանիզմի մեջ։

Google Developer Group Yerevan խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը ներկա կլինեն Google-ի ծրագրային ինժեներ (Google Now) Արա Ավանեսյանը, կովկասյան տարածաշրջանի GDG խմբերի ղեկավար Բարիս Յեսուգեյը և այլ հյուրեր։

Միջոցառման մասին մանրամասն կարող եք ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում, որտեղ կգտնեք նաև բոլոր վերոնշյալ մասերին մասնակցելու համար անհրաժեշտ գրանցման ձևերը։