Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Հանդիպմանը քննարկվել է նաև Վանաձորում Թումո կենտրոնի բացման հարցը։ «Գիտատար, առաջավոր մտքի հետ կապված նախաձեռնությունների խնդիրը, մենք, կարծում եմ, կարողանալու ենք լավագույնս լուծել Վանաձորում նոր կենտրոնի կառուցմամբ: Այդ տեխնոլոգիական կենտրոնը մենք շահագործման ենք հանձնելու հաջորդ տարի»,-նշել է նախագահը։
Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն պայմանավորվածություն ունի «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հետ և կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, և ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաև այդ ոլորտում:
Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, իսկ երկրորդը՝ Դիլիջանում ՝ 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս: