Եվգենի Կասպերսկին սեփական ինքնաթիռով կժամանի Հայաստան

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակն այս տարի կտրվի «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկուն: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ մրցանակի հետ միասին դրամական պարգև չի տրվի, քանի որ նպատակը միայն դափնեկիրներին պատվի արժանացնելն է։

Եվգենի Կարսպերսկին իրեն շնորհված մրցանակն ու ոսկե մեդալը ստանալու համար Հայաստան կժամանի նոյեմբերի 16-ին, այցի երեք օրերի ընթացքում կլինի Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, «Թումո» կենտրոնում և կհանդիպի ՏՏ ոլորտի մասնագետների և ուսանողների հետ:

Առաջին վեց մրցանակներին արժանացել են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Քրեյգ Բարրետը, Apple Computer կորպորացիայի հիմնադիր դոկտոր Ստիվ Վոզնյակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն դոկտոր Ցուգիո Մակիմոտոն և Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան: