Facebook-ը կփորձի ընկերներին փնտրել հեռախոսի նկարներում

Facebook մեսենջերն այսուհետ սմարթֆոնի լուսանկարներում կփնտրի սոցցանցի ընկերներին։ Նոր ֆունկցիան կոչվում է Photo Magic։ Այն աշխատում է դեմքերի ճանաչման ալգորիթմով ու ընկերներ հայտնաբերելու դեպքում առաջարկում է լուսանկարն ուղարկել նրանց։ Photo Magic-ն առայժմ հասանելի է միայն Ավստրալիայի տարածքում՝ հավելվածի Android-տարբերակն օգտագործողների համար։ Որոշ ժամանակ անց հավելվածը հասանելի կլինի նաև մյուս երկրներում։

Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտագործողները շատ հաճախ են Messenger-ով նկարներ ուղարկում, իսկ նոր Photo Magic-ը կօգնի հեշտացնել այս գործընթացը։ Նշենք, որ միայն մեկ ամսվա ընթացքում հավելվածի միջոցով ուղարկվել է 9,5 մլրդ լուսանկար։

Ցանկության դեպքում Photo Magic-ը հնարավոր կլինի անջատել կարգավորումներից։

Աղբյուրը՝ TechCrunch