«ՏՏ՝ Արարատ լեռան տեսարանով»․ հայ ՏՏ մասնագետները մեծ ապագա ունեն

Հայաստանում այսօր ստարտափների բում է․ սա նկատել է նաև ռուսական «Կոմերսանտ» պարբերականը և անդրադարձել հայկական ՏՏ շուկային, հաջողած նախագծերին ու հայ ձեռնարկատերերին։

ABBYY ընկերությունների խմբի փոխնախագահ Արամ Փախչանյանի խոսքով՝ վերջին տասնամյակում ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը գերազանցում են միջին տնտեսական ցուցանիշները՝ գրանցելով տարեկան 15-25% աճ։ ABBYY-ի փոխնախագահը նշում է, որ ոլորտի ակտիվության արդյունքում ծրագրավորողների կարիքն աստիճանաբար մեծանում է երկրում․ այժմ Հայաստանում կա մոտ 15 հազար ծրագրավորող, սակայն 2 հազար աշխատատեղեր դեռ թափուր են:

Macroscope Consulting-ի հիմնադիր Գարեթ Մարտին Ջոնսթոնը նշում է, որ հայերը գլոբալ են մտածում ու միշտ հաշվի են առնում արտաքին շուկաները, քանի որ ներքին շուկան շատ փոքր է, նրանք արագ են մտածում և ադապտացվող են։ «Հենց այս պատճառով էլ արտերկրյա ՏՏ-ընկերությունները գրասենյակներ են բացում Հայաստանում»,-նկատում է Ջոնսթոնը՝ համոզվածություն հայտնելով, որ հայ ՏՏ մասնագետները մեծ ապագա ունեն, քանի որ նրանք ուզում են հարստացնել աշխարհն իրենց հայկական գաղափարներով։ «Սա այն է, ինչ պակասում է ռուսական ստարտափներին՝ մեծ շուկաները գրավելու տրամադրվածություն ու գլոբալ մտածողություն»։

Ստարտափների բումին, ըստ Արամ Փախչանյանի, նպաստում է նաև երկրում գործող Granatus վենչուրային հիմնադրամը, որը, թեև ստեղծվել է երկու-երեք տարի առաջ, բայց արդեն հասցրել է բազմաթիվ նախագծերի հետ աշխատել։

CCC Startups ընկերությունից Մաքս Գուրվիցը նշում է, որ Հայաստանն ունի լուրջ տեխնիկական պոտենցիալ․ «Դեռ սովետական ժամանակներում Երևանում կար շատ լավ տեխնիկական դպրոց, և հայ ինժեներները շատ բարձր էին գնահատվում ԽՍՀՄ-ում, այժմ երկրում մեծ դեր է խաղում հայկական սփյուռքը, որն աշխատանքով է ապահովում տեղական մասնագետներին։ Օրինակ՝ Reddit ցանցի հիմնադիրներից Ռաֆֆի Օհանյանն ակտիվ է հայկական շուկայում որպես ներդրող ու պատվիրատու»: Գուրվիցը նշում է նաև, որ սփյուռքահայությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդությունը զարգացնելու ու կրթելու հարցին․ ապացույցներից մեկը Թումո կենտրոնն է, որն արդեն գործում է Հայաստանի մի քանի քաղաքներում։ Սփյուռքի կողմից ոլորտում կատարվել են $60 մլն դոլարի ներդրումներ, 2011-ին Երևանում բացվել է նոր սերնդի «Այբ» դպրոցը, որի հիմնադիրներից մեկն է հայտնի ձեռնարկատեր Դավիթ Յանը (ABBYY ընկերության հիմնադիր)։